01_big

Հայաստանում բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր կհայտարարվի, Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ՝ Թուրքիայի խորհրդարանում, Եվրախորհրդարանն՝ ընդդեմ ցեղասպանությունների ու մարդկության հանդեպ հանցագործությունների ժխտման: Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևորագույն հրապարակումները՝ ArmenianGenocide100.org-ի օրվա ամփոփմամբ:

 

Հայաստանում աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր կհայտարարվի: Կառավարությունը հաստատեց ՀՀ ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության համաձայն, այն  դեկտեմբերի 9-ին՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը, նշելու նախագիծը: Ընդ որում, Հայոց ցեղասպանության հիշատակի օր է մնալու ապրիլի 24-ը:

 

Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը փետրվարի 12-ին ընդունել է իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով, ուր, ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: Այսպես, հանձնաժողովը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտումը պետք է դատապարտվի և որակել է դրանք որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղղակի խախտում: Հանձնաժողովը նաև ընդունել է հայերի, եզդիների և այլ փոքրամասնությունների հանդեպ Իսլամական պետության կողմից իրականացվող հետապնդումներն ընդգծող հավելված՝ կոչ անելով ԵՄ-ին և անդամ պետություններին երաշխավորել նրանց ազատությունը:

 

Հայոց ցեղասպանության թեման Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման պատճառ է դարձել: Անկարան չեղյալ է հայտարարել փետրվարի 19-ին կայանալիք Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նիստը՝ օրակարգում ներառված է եղել Հայոց ցեղասպանության շուրջ քննարկում ներառելու պատճառով:

 

Իսպանական La 2  հեռուստաալիքի  Para Todos La 2 («Բոլորի համար») ծրագրի եթերը փետրվարի 10-ին նվիրվել է Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներին: «1915-ին` մեկ դար առաջ, տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի առավել դրամատիկ և արյունալի դրվագներից մեկը. մեկուկես միլիոն հայ զոհվեց Օսմանյան կայսրության ձեռքով, իրադարձություն, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», –նշել է հաղորդավարը: Նշենք, որ հաղորդման ժամանակ հյուրերը կրել են հայոց դրոշի տեսքով կրծքանշանն ու Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը:

Արիզոնայի՝ Սանդրա Դեյ Օ’Քոննորի համալսարանի իրավաբանական քոլեջի ուսանողները մարտի 21-ին և 22-ին կանցկացնեն «Հարյուր տարի անց» անունը կրող կոնֆերանս, որը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանությանը: Կոնֆերանսին կմասնակցեն մասնագետներ, գիտնականներ, իրավաբաններ և ամբողջ աշխարհից եկած համայնքների ղեկավարներ։ Առաջինը զեկույցով հանդես է գալու պրոֆեսոր Թաներ Աքչամը:

 

Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Սաբահաթ Թունջելը օրինագծի բանաձև է փոխանցել Թուրքիայի խորհրդարան՝ պահանջելով, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հայտարարի սգո օր: Այդ մասին հայտարարել է թուրք գրող Ռագըփ Զարաքոլուն: Թունջելն, իր օրինագծի համաձայն, պահանջում է, որ նախագահ Էրդողանը պատմական մի վայրում բարձրաձայն ներողություն խնդրի հայ ժողովրդից: Ըստ Զարաքոլուի` ամենահարմար վայրը կարող է լինել «Հայդարփաշա» կայարանի աստիճանահարթակը, որտեղով անցնում էր հայ մտավորականների աքսորի ու մահվան ճանապարհը:

 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն արձագանքում է Էրդողանի հայտարարությանը, թե Հայկական սփյուռքի ազդեցության պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում: Մելքոնյանի գնահատմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունը Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանն ու սփյուռքն առանձնացնելու հերթական փորձն է: Իսկ եթե ցանկություն կար նորմալ հարաբերություններ հաստատելու, ապա դրա համար գոյություն ունեին 2009 թվականին ստորագրված ցյուրիխյան արձանագրություններ, նշում է փորձագետը:

 

«1915-ի իսկական թուրք հերոսները». Horizonweekly-ի սյունակագիր Րաֆֆի Պետրոսյանը պատմում է, ինչպես են Թուրքիայում հերոսացնում Հայոց ցեղասպանության իրագործողներին: Ամենվերջին տվյալներով Ստամբուլում, Անկարայում և այլ քաղաքներում 8 Թալեաթ փաշայի անվան թաղամաս կամ շրջան կա, 38 փողոց կամ բուլվար, 7 դպրոց, 6 շինություն, 2 մզկիթ: Այնինչ Թուրքիայի իսկական հերոսներ են նրանք, ովքեր հրաժարվել են մանսակցել ցեղասպանությանը, փրկել են հայերի: Նրանց շարքում են, օրինակ Կոնյայի նահանգապետ Ջելալ Բեյը, Քութայայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյին, Լիչեի քաղաքապետ Հուսեյն Նեսիմի Բեյին, որոնք, սակայն, փողոցների չեն արժանացել:

 

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ՌԴ Զելենոգրադ քաղաքի Նիկոլաևսկու վանքի մոտ կտեղադրվի խաչքար։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել քաղաքի հայկական ազգային մշակութային ինքնավարությունը՝ նրա նախագահ Իվան Գալստյանի գլխավորությամբ։ Այժմ Զելենոգրադի հայկական համայնքը խաչքարը կառուցելու համար միջոցների բարեգործական հավաք է կազմակերպել։

Փետրվար 12, 2015