foot-ararat-vigen

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման եթերում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից հայկական սփյուռքին ուղղված՝ Ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերի պահանջը:

 

Մասնավորապես, այդ առիթով Սարգսյանն ասել է. «Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ փաստաթղթեր է նախագահ Էրդողանը ակնկալում Սփյուռքից, բայց կարծում եմ, որ նախագահ Էրդողանը բավականաչափ տեղեկացված է պատմական իրողություններին ու փաստաթղթերի այն հոծ բազմությանը, որը պահվում է թուրքական արխիվներում, կամ հենց հայկական արխիվներում, որոնք բազմիցս ուսումնասիրվել են նաև թուրք հետազոտողների կողմից, և միջազգային բազմաթիվ կենտրոններում»:

 

«Խնդիրն այն է, որ Ցեղասպանությունը, նրա ժխտումը այսօր ակտուալ քաղաքականության խնդիր է, և Թուրքիան, փորձելով մտցնել այդ հարցը պատմական ուսումնասիրությունների դաշտ, փորձում է ցույց տալ, որ դա անցած, շուռ տված էջ է»,- ընդգծել է նա:

 

«Կարծում եմ՝ այսպիսի կոչը ևս անարգանքի նշան է, որովհետև պահանջել ապացուցել իր զոհ լինելը այն ժողովրդից, որը բնաջնջվել է այն քաղաքականության արդյունքում, որը դու հերքում ես, առնվազն ցինիզմ է և 100-րդ տարելիցի օրերին հատուկ բացասական ազդեցություն է թողնում: Հենց դա է ցույց տալիս Ցեղասպանության ոգեկոչման ամբողջ արդիականությունը: Դա միայն պատմության հարց չի, դա Թուրքիայի այսօրվա քաղաքականության հարց է, քաղաքականություն, որն արտացոլվում է ինչպես Հայաստանի դեմ վարած քաղաքականությամբ, Հայաստանի շրջափակմամբ, այդպես էլ նման դրսևորումների միջոցով: Ասել, որ եղել են զոհեր, նախորդ տարվա ապրիլի 23-ին փորձել ձևական մի ուղերձ հղել, իսկ հաջորդ տարի փաստաթղթեր ուզել, ուղղակի ցույց է տալիս այդ քաղաքականության ցինիկ հիմքն ու հայտարարությունների հետևում կանգնած կեղծավորությունը»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 19-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առթիվ, Ստամբուլում՝՝ Օսմանյան արխիվի շենքում, աշխարհի արխիվների ղեկավարների՝ «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» համագումարի և ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարություններ է արել՝ ուղղված հայկական սփյուռքին և ՀՀ կառավարությանը:

 

«Հայկակա՛ն սփյուռք, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք», – ասել է Էրդողանը և ավելացրել, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները. «Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանի՛ր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»:

 

Իսկ Հայաստանում և Սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները, Էրդողանի կարծիքով, Թուրքիային ուղղված թշնամանք են. «Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բացի, Թուրքիային և թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը»:

Մարտ 21, 2015