van2

«1917թիվ. մահամերձ Էլմոն տատս ձեռքս բռնեց և ասաց.

 

-Աղջի’կս, իմ մուրազը մնաց անկատար, եթե քո բախտը բերի, խնդրում եմ իրականցրու այն… Երնեկ մի թուրք ասկյար լիներ, գցեի բերնի վրա և կտրեի կոկորդը, նրա արյունով հինգ խաչ անեի ճակատիս:

 

Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես դաժան երազանքներ ուներ տատս: 1915 թվի ամռանը (պատմում էր տատս), դուրան դաշտով մեզ` հայերիս, մոտ հինգ հարյուր մարդ (ծերունիներ,երեխաներ,կանայք) քշում էին դեպի ինչ-որ տեղ՝ մահվան: Որոշ ժամանակ անց, թուրք ասկյարներից մեկը նկատեց, որ քարավանի մեջ մի բարձրահասակ աղջիկ է քայլում, մոտեցավ, քաշեց գլխաշորը, տեսավ, որ տղա է գլխաշորի տակ: Մեզ կանգնեցրին, բոլորիս հրամայեցին նստել, ամբողջ դաշտում մեկ ծառ կար, այդ ծառը Տիգրանի (թաքնված տղայի) գրողը եղավ:

 

Տիգրանին գլխիվայր կախեցին ծառից, որից հետո Տիգրանի մորը և բոլորիս ծեծելով նստեցրին ծառի չորս կողմը: Վեց ասկյարներ մեր աչքի դեմ բռնաբարեցին, տանջեցին Տիգրանի 14 տարեկան քրոջը:

Եթե որևէ մեկը չնայեր մազերից բռնում հետ էին քաշում, որպեսզի այդ ահավոր տեսարանը տեսնեինք…

 

Աղջկան կիսամեռ շպրտեցին մեզ վրա, գլխաշորերով փաթաթեցինք, ինչից հետո շարունակեցին Տիգրանի չարչարանքները: Երկու ասկյար դանակներով սկսեցին մաշկազերծել Տիգրանին` ճաներից դեպի վերև: Մինչև հիմա նրա ձայնը իմ ականջների մեջ է, դուրս չի գալիս: Տիգրանը անմարդկային ձայներ էր հանում, երկու ոտքերը մաշկազերծ անելուց հետո տղան չդիմացավ, մահացավ… Տիգրանը ընդամենը 17 տարեկան էր.. Նրան ես համարում էի իմ 5-րդ մահացած երեխան,ես այդպես էի զգում: Իմ չորս մահացած երեխաներին դաշտում հողը ճանկռում էինք և մեջը դնում, իսկ Տիգրանը մնաց ծառից կախված, թույլ չտվեցին թաղենք…

 

-Ես մեռնում եմ, գնում եմ իմ երեխաների մոտ, բայց Տիգրանի ձայնը իմ ականջների մեջ է…

 

Պատմությունը Էլմոն տատը պատմել էր իր աղջկան: Իր աղջիկը Էլմոնի թոռանն էր պատմել` Վանուհի Մուրադյանին, որն այժմ 73 տարեկան է: Տատս պատմեց ինձ»: