Նորություններ

big

Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված արշավը նոր թափ է հավաքում Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Ինչպես հաղորդում է Mediamax-ը ներկայացվող հոդվածում, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայկական համայնքները այդ երկու երկրների քաղաքացի, Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պաշտոնյա, «Ծագումը. Բացահայտում» պատմավեպի հեղինակ Լեոնարդ Ուիքսի հետ համատեղ ջանքերով փորձում են 2015 թ-ի ապրիլի 24-ին ընդառաջ հասնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կառավարությունների կողմից:

 

Դեռևս անցյալ տարի Լեոնարդ Ուիքսը նամակներ էր ուղարկել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարներ Ջուլի Բիշոփին և Մյուրեյ ՄքՔալիին՝ խնդրելով վերջիններիս պարզաբանել, թե ո՞րն է այդ պետությունների պաշտոնական դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում, և արդյո՞ք պաշտոնական Կանբերան և Վելինգտոնը մինչև այս տարվա ապրիլը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Ավստրալիայի ԱԳ նախարարին հասցեագրված նամակում Լեոնարդ Ուիքսը, մասնավորապես, գրել էր.

 

«Ավելի վաղ իմ նամակին ի պատասխան գրված նամակում Ավստրալիայի առևտրի և արտաքին գործերի նախարարությունը չի կարողացել հստակ պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2013թ. ապրիլին, լինելով ընդդիմության առաջնորդ, ներկայիս վարչապետ Թոնի Էբոթը հստակ արտահայտում էր իր կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, մինչդեռ հիմա կառավարության ղեկավարը և Ավստրալիայի առևտրի և արտաքին գործերի նախարարությունը չեն կարողացել ապահովել, որպեսզի Ավստրալիայի ժողովուրդը ճանաչի հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Կամ վարչապետը փոխել է իր միտքը, ինչի մասին պետք է պարզ կերպով հայտարարել, կամ էլ վարչապետի և նախարարության տեսակետներն այս հարցում տարբերվում են: Կասկածներից զերծ մնալու համար, ինչպես նաև հայ, հույն ու ասորի ընտրողների շրջանում հստակություն մտցնելու նպատակով ես կրկին հարց եմ ուղղում Ձեզ այն մասին, թե ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումն այս հարցում»:

 

Լեոնարդ Ուիքսին ուղարկված պատասխան նամակում Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել էր, որ «ճանաչում են ողբերգական մարդկային կորուստները և հայ ժողովրդին բաժին հասած տառապանքը, և որ այդ իրադարձությունների և դրա հետևանքով եղած զոհերը չպետք է մոռացվեն»:

 

Իսկ Նոր Զելանդիայի ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչման պաշտպանի նամակին ի պատասխան նշել էր, որ «Առաջին աշխարհամարտի իրադարձությունները և դրան հաջորդած Օսմանյան կայսրության փլուզումը ցավագին էին կայսրության քաղաքացի հանդիսացող բոլոր ազգերի, այդ թվում՝ հայերի, հույների և թուրքերի համար»:

«Այս իրադարձությունների ժամանակ հայ բնակչությունը բռնի տեղահանման ընթացքում կրել է հսկայական կորուստներ: Նոր Զելանդիայի կառավարությունը գտնում է, որ պատմական անարդարությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացված անարդարությունները պետք է համապատասխան ճանաչում ստանան: Մեր կարծիքով, հայերի և թուրքերի անցյալին համապատասխան բնորոշում տալու հարցը պետք է լուծվի կողմերի միջև ընդգրկուն հաշտության գործընթացի համատեքստում… Նոր Զելանդիայի կառավարությունն անկեղծորեն սատարում է հաշտեցման այդ գործընթացին»,- ասված է Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի ՝ 2014 թ.-ի դեկտեմբերով թվագրված պատասխան նամակում:

 

Այնուամենայնիվ, այս պատասխանը չի գոհացրել Լեոնարդ Ուիքսին, և նա նոր նամակում խնդրել է իր երկրի ԱԳՆ-ին հստակ պատասխանել, թե ի՞նչ նկատի ունեն «ընդգրկուն հաշտության գործընթաց» ասելով՝  կճանաչի՞ արդյոք Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանությունը մինչև 2015թ. ապրիլի 24-ը, և արդյո՞ք այդ երկրի կառավարության ներկայացուցիչը ներկա կգտնվի այդ նույն օրը Թուրքիայի կառավարության կողմից հայտարարված՝ Գալիպոլիի հաղթանակի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին:

 

Լեոնարդ Ուիքսի հետևողական ջանքերի շնորհիվ Նոր Զելանդիայի կառավարությունում աշխատող պատմաբանները որոշ շտկումներ են մտցրել Առաջին Աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին իրենց շարադրանքում: Մասնավորապես, կառավարությանը տրամադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական շարադրանքում նրանք ավելի վաղ ներկայացրել էին, թե հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության պատասխանն էր հայերի ըմբոստություններին:

 

Վերջերս էլ Լեոնարդ Ուիքսը բաց նամակ է ուղարկել Նոր Զելանդիայի և Ավստրալիայի խորհրդարանների անդամներին, որում կոչ է արել նրանց չմասնակցել ապրիլի 24-ին Թուրքիայի կառավարության կողմից նշվող Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումներին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Խորհրդարանականներին ուղղված նամակին Ուիքսը կցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Թուրքիայի նախագահին, որտեղ Սարգսյանը մերժում Էրդողանի հրավերը՝ մասնակցելու Գալիպոլիի տարեդարձին նվիրված միջոցառմանը:

 

Եկատերինա Պողոսյան

Փետրվար 11, 2015