taleen-babayan

Չնայած այն փաստին, որ Հայոց ցեղասպանությունից մեկ դար է անցել, զոհերի ժառանգները դեռ պայքարում են պատմական աղետի հետևանքների դեմ և ցույց տալիս՝ ինչ նշանակություն ունեն այդ 100 տարիներն իրենց համար, ինչպես են ազդել հայ ազգի և սփյուռքի վրա: Այս հարցերն է արծարծում «Սրբազան ցասում» (From Sacred Wrath) ներկայացումը, որը կբեմադրվի ապրիլի 18-ին և 19-ին Նյու Յորքի The Davenport թատրոնում, – գրում է MassisPost-ը:

 

Ներկայացման կենտրոնում ամերիկահայ Խաչատուրյանների ընտանիքն է: Նրանք ներկայացնում են իրենց զգացմունքներն ու հույզերը, որոնք առավել ցայտուն են դրսևորվում հատկապես հիմա՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին: Այս ընտանիքի տատիկը, փախուստից կաթվածահար եղած, ի վիճակի չէ պատմել իր փրկվելու մասին, հայրենասեր հորը վշտացնող երիտասարդ կինը կապեր է հաստատում թուրք լրագրողի հետ, իսկ այդ կնոջ եղբայրը խոստանում է ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում հանուն հայրենիքի ապագայի:

Ներկայացման ռեժիսոր Թալին Բաբայանը ներկայացնում է այն տարբեր  դժվարությունները, որոնց հայերը հանդիպում են ամբողջ աշխարհում:

 

Ներկայացման թիմն ու պրոֆեսիոնալ դերասաններն ուսումնասիրել, ապա նոր բեմ են բարձրացրել ժխտման, ազգայնականության և մարդու իրավունքների ոտնահարման թեմաները: Դերասանական կազմը համալրել են ընտանիքի հոր՝ Հովսեփի դերակատար Գառնիկ Ներսեսյանը, Ցեղասպանությունից փրկված Աղավնիի դերակատար Կոնստանս Կուպերը, արդի աշխարհայացքների տեր պատմության ուսուցչուհի Արենիի դերակատար Անի Ջիրջիրյանը, Ամերիկայում ծնված, բայց հայրենիք վերադառնալ երազող Սողոմոնի դերակատար Րաֆֆի Վարդանյանը, հայկական կոտորածը ցեղասպանություն չհամարող թուրք լրագրող Քեմալի դերակատար Չիհանգիր Դումանը, Դարֆուրի ցեղասպանությունից փրկված Աիշայի դերակատար Ջեմի Ալանան և ընտանիքի ընկեր Ալեքսի դերակատար Հայկ Հովնանյանը:

Փետրվար 11, 2015