yair-auron

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հունվարի 28-ին հնչեցրած Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի ելույթը մի շարք հակասություններ է առաջացրել: Որպես Քնեսեթի անդամ և խոսնակ՝ նա տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի Իսրայելն ընդունի Հայոց ցեղասպանությունը: Օբամայի օրինակին հետևելով՝ նախագահ դառնալուց հետո սկսել է շրջանցել ժամանակին իր համար սկզբունքային այս թեման, գրում է Հարութ Սասունյանը Asbarez-ում լույս տեսած հոդվածում:

 

Անցած ամիս նախագահ Ռիվլինը աղմկահարույց հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա ամենամյա ելույթում:

 

Ցավոք, Իսրայելի նախագահը երկու լուրջ սխալ է թույլ տվել: Նա Հայոց ցեղասպանությունը անվանել է կոտորած, ապա հիշատակել Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալուում ադրբեջանցիների մահվան մասին:

 

Ահա մի հատված Ռիվլինի ՄԱԿ-ի ելույթից. «Երբ 1915-ին հայ ժողովրդին կոտորում էին, Ավշալոմ Ֆայնբերգը՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակիցների հետ գործակցող հրեական լրտեսական ցանցի՝ Նիլիի ղեկավար անդամներից մեկը, գրել է. «Անհանգստությունից սեղմում եմ ատամներս. ո՞վ է լինելու հաջորդը: Երբ քայլում էի Երուսաղեմի օրհնված հողով, հարցնում էի ինքս ինձ՝ արդյո՞ք ապրում ենք ժամանակակից շրջանում՝ 1915-ին, թե՞ Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի օրերին: Մի՞թե ես՝ հրեաս, մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցնում էի ինձ իրավունք ունե՞մ միայն իմ ժողովրդի ցավերը ողբալու, և թե՞ Երեմիա մարգարեն էլ արցունք չի թափել հայերի համար»: Սա գրելուց անցել է երկմտանքով և ժխտումով լի 100 տարի: Բայց այդ ժամանակվա Իսրայելում՝ Երուսաղեմում, որտեղ ես եմ ծնվել, ոչ ոք չէր ժխտում տեղի ունեցած կոտորածները: Երուսաղեմի բնակիչները, ծնողներս և ընտանիքիս անդամները տեսել են՝ ինչպես էին ժամանում հազարավոր հայերը. գալիս էին սովամահ, աղետից մազապուրծ խեղճացած մարդիկ: Նրանք Երուսաղեմում ապաստան գտան, իսկ նրանց սերունդները շարունակում են ապրել այնտեղ առ այսօր»:

 

Իսրայելի բաց համալսարանի մեծարգո գիտնական Յաիր Աուրոնը, չնայած նախագահի հետ ընկերական հարաբերություններին, բարկացել էր նրա բառերի ընտրությունից: Աուրոնը ցեղասպանության մասին մի շարք գրքերի հեղինակ է և Հայոց ցեղասպանության ընդունման վաղեմի ջատագովը: Այժմ նա դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Հունվարի 31-ին, երբ ես Երևանում Կոմիտասի նորաբաց թանգարանում Հայոց ցեղասպանության դասախոսությանն էի, պրոֆեսոր Աուրոնը մոտեցավ ինձ և հարցրեց՝ կարո՞ղ է դիմել լսարանին: Դրական պատասխան ստանալուց հետո նա կարդաց իր հայտարարությունը «Ներողություն իմ հայ եղբայրներից» վերնագրով:

 

«Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հուզիչ նախադասություններով ուշագրավ ելույթ է ունեցել՝ ցուցադրելով իր անկեղծությունն ու ազնվությունը տառապած հայ ժողովրդի հանդեպ: Այնուամենայնիվ, նա չօգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը ո՛չ եբրայերեն, ո՛չ էլ անգլերեն»: Պրոֆեսոր Աուրոնը շարունակեց, ասելով, որ նախագահ Ռիվլինն իրեն անձամբ է ասել, որ չի փոխել իր կարծիքը, բայց չի կարող դա (ցեղասպանությունը) հայտարարել որպես Իսրայելի նախագահ: Սա կարելի է հասկանալ: Բայց ելույթից առաջ ինչ-որ մեկը, հավանաբար Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունից, գուցե հենց Իսրայելի Արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն ասաց նրան ելույթում ավելացնել այս սարսափելի նախադասությունը՝ «Արդյո՞ք մեր և Վեհաժողովի պայքարը ցեղասպանության դեմ բավականաչափ արդյունավետ է: Արդյո՞ք այն բավականաչափ արդյունավետ էր Բոսնիայում: Արդյունավե՞տ էր Խոջալուում սպանությունների կանխարգելման ժամանակ»:

 

Պրոֆեսոր Աուրոնը շարունակեց իր քննադատությունը. «Պարոն Նախագահ, Դուք օգտագործել եք Խոջալուի անունը ցեղասպանության համատեքստում: Դուք շատ լավ գիտեք սպանությունների և ցեղասպանության տարբերությունը: Ո՞վ է առաջարկել Ձեզ անել այս սարսափելի սխալը: Դուք չեք օգտագործում Հայոց ցեղասպանությանն անմիջապես վերաբերվող «ցեղասպանություն» եզրույթը: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկի մասին խոսելիս «ցեղասպանություն» բառն օգտագործելն այնպես, ասես այն եղել է, անթույլատրելի է… Դուք չեք համարձակվում օգտագործել այս տերմինը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, բայց վերագրում եք այն այս գյուղում եղած սպանություններին, և ես համոզված եմ, որ նույնիսկ չգիտեիք այդ գյուղի անունը նախքան ձեր ելույթը: Սրբապղծություն է, դրանով դուք դավաճանում եք Հոլոքոստի հիշատակն ու նրա զոհերի ժառանգներին»:

 

«Թու՛յլ տվեք, իմ հայ եղբայրներ, ներողություն խնդրել իմ և Իսրայելի հրեաների անունից: Մենք ձեզ հետ ենք: Մենք կշարունակենք մեր պայքարը մինչև որ Իսրայելը կընդունի Հայոց ցեղասպանությունը»,- ելույթն ավարտելիս ասաց պրոֆեսորը:

Փետրվար 11, 2015