Quebec-Assembly

Քվեբեկի Ազգային ժողովի պաշտոնական կայքը խնդրագիր է հրապարակել ցեղասպանության պատմության ուսուցումը Քվեբեկի ավագ դպրոցներում պարտադիր դարձնելու վերաբերյալ:
Խնդրագրի տեքստում, մասնավորապես, ասված է.

 

«Հաշվի առնելով, որ ռասայական և մշակութային անհանդուրժողականությունը և խտրականությունը նախապայմաններ են հանդիսանում ցեղասպանության իրականացման համար, որը սահմանվում է որպես ռասայական, էթնիկ կամ մշակութային խմբի զանգվածային ոչնչացում,

 

հաշվի առնելով, որ կրթությունը առանցքային դեր ունի խտրականությունը և ատելության գործողությունները մեր երիտասարդության շրջանում ճանաչելու և կանխելու, և այն, որ ցեղասպանությունների մասին գիտելիքը էական դեր ունի նման գործողությունները ապագայում կանխելու համար,

հաշվի առնելով, որ Քվեբեկի զգալի թվով աշակերտներ չունեն որևէ գիտելիք անցյալի ու ներկայի ցեղասպանությունների վերաբերյալ` ներառյալ Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունը և մեր Առաջին ազգերի (Կանադայի բնիկ հնդկացիներ – ArmenianGenocide100.org) մշակութային ցեղասպանությունը,

 

հաշվի առնելով, որ ցեղասպանության պատմության ուսուցումը Կանադայի ավագ դպրոցների ուսումնական պլանում ներկայումս պարտադիր չէ, և որ Ցեղասպանության պարտադիր ուսուցման հիմնադրամը կարող է նման դասընթաց տրամադրել դպրոցներում իրականացնելու համար,

 

մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ազգային ժողովին և Կրթության նախարարին, որպեսզի նա Քվեբեկի բոլոր ավագ դպրոցներում ցեղասպանության պատմության ուսուցումը պարտադիր դարձնի` որպես միջոց հանդուրժող և խաղաղ հասարակություն ստեղծելու, որն ընդունում է բոլոր մշակույթները և կրոնները»:

Հոկտեմբեր 21, 2015