Ragip-Zarakolu_pan-photo1

© PAN Photo

Թուրք հայտնի գրող, հրատարակիչ և իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն հայտնել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Սաբահաթ Թունջելը օրինագծի բանաձև է փոխանցել Թուրքիայի խորհրդարան՝ պահանջելով, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հայտարարի սգո օր:

 

«Ոմանք կարող են ասել, որ ժամանակը չէ, բայց ես նրանց կպատասխանեմ, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը», – Diarioarmenia.org-ի փոխանցմամբ՝ գրում է Զարաքոլուն և հավելում. – «այն Թուրքիան, որը չի կարողանում առերեսվել իր պատմությանը, չի կարող հասնել տևական հաշտեցման»: Խնդրի լուծումը, առաջին հերթին, պայմանավորված է պատմության հետ առերեսմամբ»:

 

Թունջելն, իր օրինագծի համաձայն, պահանջում է, որ նախագահ Էրդողանը պատմական մի վայրում բարձրաձայն ներողություն խնդրի հայ ժողովրդից: Ըստ Զարաքոլուի` ամենահարմար վայրը կարող է լինել «Հեյդար փաշա» կայարանի աստիճանահարթակը, որտեղով անցնում էր հայ մտավորականների աքսորի ու մահվան ճանապարհը:

Զարաքոլուն նշում է, որ 2012-ին բանտից նամակ է ուղարկել Թուրքիայի խորհրդարան` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել, մինչդեռ 1998-ին Ցեղասպանության դեմ պայքարող կազմակերպությունները, որոնց անդամն էր նաև Զարաքոլուն, Գերմանիայում բնակվող թուրքերից ավելի քան 10 000 ստորագրություն էին հավաքել` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

«Հուսով եմ` Սաբահաթ Թունջելի առաջարկը լրջորեն կդիտարկվի, և անհրաժեշտ համաձայնություն կկնքվի»,- գրում է թուրք այլախոս մտավորական Ռագըփ Զարաքոլուն:

Փետրվար 12, 2015