Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը

 

Հայկական հարցը հայ ժողովրդի քաղաքական պատմության՝ օտար տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգնման, 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կառավարող շրջանների կողմից հայերի նկատմամբ իրագործված զանգվածային կոտորածների և տեղահանության միջոցով նպատակային բնաջնջման և արմատախիլ անելու քաղաքականության, դրա հետևանքով եվրոպական տերությունների կողմից օսմանյան կառավարությանը պարտադրվող հայկական բարեփոխումների իրականացման, հայ ինքնապաշտպանական ու ազգային ազատագրական պայքարի, ցեղասպանության միջազգային ճանաչման հետ առնչվող հիմնահարցերի ամբողջությունն է:

 

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

 

Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն:

 

Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

 

Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911-ին Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնելՀայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։

 

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

 

1915թ. փետրվարին ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման արձակեց բանակում ծառայող հայ զինվորների ոչնչացման մասին: Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և Անատոլիայի խորքերն աքսորվեց մոտ 800 հայորդի` գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ, մտաորականներ, այդ թվում` խորհրդարանի հայ պատգամավորներ: Նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուսը` տեղ հասնելուն պես:

 

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

 

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել ջլատված Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ Օսմանյան կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Բացի այդ, 1908-ի հեղափոխության հետևանքով վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր խոստանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունը է՛լ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ:

 

Իսկ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունն աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը:

 

Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1911-1912 թվականներին, երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը:

 

Որքա՞ն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Մոտ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով դավանափոխ եղավ, կամ դարձավ գաղթական։

 

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը

 

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

 

Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլն էր մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը իրենց իսկ թուրք զինակիցների կողմից:

 

1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը, հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակհազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դարձան մուսուլման:

 

Հայոց ցեղասպանության վերջին փուլը` թուրքական կառավարության զանգվածային տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխման, քարոզչական միջոցների, լոբբինգային գործողությունների և այլ միջոցներով:

Հայոց ցեղասպանության 8 փուլը

  • Դասակարգում

    Բնակչության տարբերակում. մարդկանց դասակարգումը՝ ըստ էթնիկ պատկանելության, ռասայի, կրոնի կամ ազգության՝ օսմանյան թուրքեր (մահմեդականներ) և հայեր (ոչ մահմեդականներ, քրիստոնյաներ)

  • Խորհրդանիշների ամրագրում

    Դասակարգման հետ ասոցացվող անուններ և խորհրդանիշեր. հայերի քրիստոնեական հատկանիշները հավասարեցվում են երկրորդ կարգի քաղաքացի լինելուն (գյավուր, անհավատ)

  • Մարդկայինի ժխտում

    Ոճրագործների կողմից զոհերի` մարդ լինելու ժխտումը. նրանք դասակարգվում են որպես մարդուն ստորադաս: Հայերի հանդեպ վատ վերաբերմունքը թուրքերի աչքում դառնում է մարդասիրական, հայերի նկապտմամբ կիրառվում են քաղաքացիական-սահմանափակող օրենքներ

  • Կազմակերպում

    Ջարդերի համար պատասխանատու պետական կազմակերպության հիմնում. հաճախ օգտագործվում են հատուկ զինված միավորումներ կամ բանակային ստորաբաժանումներ: Երիտթուրքերի կուսակցության Կենտրոնական համայնքը, զանգվածային զինված միավորումները դիրքավորված են

  • Բևեռացում

    Ծայրահեղական գաղափարներն ընդլայնում են ընդդիմադիր խմբերի բաժանումը. քարոզչական և սոցիալական օրենքները սահմանափակում են զոհերին: Քարոզչական հարթակների կիրառում: «Հայերը թուրքական թշնամու կողմն են բռնել(Ռուսաստան, ռուս-թուրքական և առաջին աշխարհամարտի տարիներ)»; խառնամուսնություններն արգելվում են, և երկրորդ կարգի քաղաքացիների թիվն ավելի ու ավելի է մեծանում

  • Նախապատրաստում

    Զոհերը հայտնաբերված և առանձնացված են. գույքը առգրավված է, տեղահանումը՝ սկսված, զինվորներ զինաթափված են, հարկադիր աշխատանք է կիրառվում, հայ ղեկավարները մահապատժի են ենթարկվում, և մահվան երթերն են սկսվում. ջարդն ակնհայտ է դառնում

  • Բնաջնջում

    Ոճրագործներին զիջող և մարդուն ստորադաս զոհերի զանգվածային սպանությունը. Տեղահանությունը, գնդակահարությունը, աքսորը դեպի Սիրիայի անապատներ, գազի և շնչահեղձություն կիրառումը և հրկիզումները սկսում են վերացնել հայերին

  • Ժխտում

    Ցեղասպանական մեղադրանքների մերժումը և միջազգային հետաքննությունների արգելափակումը. Ժամանակակից Թուրքիայի կառավարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության մերժումը և քրեականացնում է նման իրադարձության ցանկացած մեղադրանք կամ հիշատակումը