turkish-ngo

Թուրքիայում գործող հինգ հասարակական կազմակերպություններ աշխարհի երկրների ղեկավարներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հրավերը, այլ փոխարենը գնալ Երևան՝ մանսակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Դրանց թվում է ընդդեմ ռասիզմի և խտրականության Մարդու իրավունքների ասոցիացիան, Իզմիրի ասորական ընկերակցությունը, «Նոր զարթոնք» ՀԿ-ն, «ZAN» հիմնադրամն ու suryaniler.com մշակութային հարթակը, փոխանցում է Bianet գործակալությունը:

 

«Ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սկիզբը: Ինչքան մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, այնքան մենք՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարողներս, բողոքում ենք մեր նախագահի հրավերի դեմ և աշխարհի նախագահներին կոչ ենք անում այցելել Երևան՝ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու»,-ասել է Մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Մերալ Չիլդիրը:

 

«Թուրքիայի հանրապետությունը հիմնած մտածողությունը և 1915թ. հայերի և ասորիների դեմ ցեղասպանությունն իրականացրած մտածողությունը նույնն են: Մեզ համար 2015թ. ապրիլի 24-ը մեծ կարևորություն ունի: Մենք ուզում ենք առերեսվել մեր պատմության հետ: Ուզում ենք, որ մեզ սխալ սովորեցնելու և մեր երեխաների սխալ դաստիարակելու պատճառ դարձած հասկացությունը ճշտվի: Գիտենք, որ 1915-ի ցեղասպանությունը դեռևս որոշ երկրներում ազատորեն չի քննարկվում, բայց մենք ընդամենը մի փոքր խիղճ ենք խնդրում: Այս հրավերը ծաղրում է Հայոց ցեղասպանության զոհերին: Գնացե՛ք Երևան, որտեղ իրական ցավն է»,- ասել է Մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Էրեն Քեսքինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելի պատերազմական գործողությունների (Չանաքքալեի ճակատամարտ) 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:

 

Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել է հրավերին մերժումով:
ՀՀ նախագահի պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

 

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

 

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 

Փետրվար 6, 2015